2008-ի մարտի 1-ից հետո շատերը կարծում եին, թե հստակ ջրբաժան դրվեց իշխանության և ընդդիմության միջև: Ինքս էլ մի քանի անգամ առիթ եմ ունեցլ գրելու, որ ջրբաժանը ակնհայտ է, և ընդդիմությունը երբեք չի ների որևէ սակարկություն Մարտի 1-ի առումով: Ժամանակն ու իրավիճակները, գումարած քաղաքական շահն ու քայլերի սխալ հաշվարկները, պարզվեց, կարող են հանգեցնել նրան, որ անսակարկելի արժեքները նույնիսկ հնարավոր է աճուրդի հանել:
Օրերս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» թերթում պարզաբանել էր իր` Մարտի 1-ի զոհերի առաջին հերթի ժառանգներին տարեկան հինգ միլիոն դրամի փոխհատուցում` հիսուն տարով տրամադրելու մասին նախաձեռնության մանրամասները: Օրենքի նախագիծը ՀՀ օրենքը 2008 թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ պետական փոխհատուցման մասին է: Օրենքի նախագծի համահեղինակ հանդես գալու առաջարկով Փաշինյանը դիմել է Մարտի 1-ի մայր գործով անցնող պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին և կին պատգամավորների: Փաշինյանին հաջողվել է թե´ Ալեքսանդր Արզումանյանից, թե´ մի քանի կին պատգամավորներից համաձայնություն ստանալ, ապա այն ներկայացրել է ՀԱԿ խմբակցության նիստին, ուր հանդիպել է դիմադրության: Ավելին, նախագծի տակ չէր ստորագրել ՀԱԿ կուսակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Վերջինս երեկ aravot.am-ին ասել է հետևյալը. «Վիրավորական էր, որ Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Սարգսյանը, Զարուհի Փոստանջյանը պետք է ստորագրեին, որից հետո նոր պետք է դիմեր ինձ»: Հավելենք, որ վերջերս ԱԺ-ն չընդունեց ՀԱԿ կուսակցության` Մարտի 1-ի նոր հանձնաժողով ձևավորելու առաջարկը: Այսօր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակում» անդրադարձել է այս առնչությամբ վերջին շրջանում իրեն ուղղված մեղադրանքներին, թե օրենքի նախագիծն ինքն առաջարկել էր Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնությունը տապալելու համար:
Մարտի 1-ը, փաստորեն, դառնում է այն լակմուսը, որով իրականում ջրբաժան է գծվում ընդդիմության և… ընդդիմության միջև: Ժամանակին ՀԱԿ դաշինքի առաջնորդն իր քաղաքագիտական հայտնի վերլուծությամբ հրապարակ հանեց մի տեսություն, որը հետագայում պատճառ դարձավ դաշինքի պառակտման: ԲՀԿ-ի առաջնորդի դեմ ժամանակին հնչող մեղադրանքները հետագայում խմբագրվեցին` խորացնելով առկա հակասությունները դաշինքի ներսում: Կռահո՞ւմ էր Լևոն Տեր-Պետրոսյանը, որ իր իսկ ստեղծած դաշինքը կարող է փլվել առաջին հայացքից անվտանգ ու իշխանությունը ներսից կազմաքանդելուն միտված վերլուծությամբ, կասկածում ենք: Տեր-Պետրոսյանը, փորձված քաղաքական գործիչ լինելով հանդերձ, չէր կարող կռահել, թե ուր կտանեն ճանապարհները` դրանցում առկա փոսերը ընտրողաբար լցնելու պարագայում, քանի որ մի բան է վերլուծություն անելն ու դրանով պայքարի տարբերակ առաջարկելը, մեկ այլ բան` հետևողականորեն դա առաջ տանելը նախագծված ընթացքով: Մարդիկ անկանխատեսելի են, քաղաքականապես ոչ հասուն, ունեն ամբիցիաներ` մի կողմից, մյուս կողմից` ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ հաճախ չարաշահեցին ԲՀԿ առնչությամբ «երեսլվայի» չափաբաժինը:
Հիմա: Նիկոլ Փաշինյանը կոնկրետ առաջարկ է ներկայացրել` փոխհատուցում: Պատգամավորը, ենթադրում ենք, այն նախաձեռնել է, նկատի ունենալով Մարտի 1-ը «ուսումնասիրող» նախորդ հանձնաժողովի անփառունակ ճակատագիրը` բացահայտումներին իշխանության կողմից ընթացք չտրվելու առումով: Զոհվածների հարազատների համար այս պահին ինչ-որ առումով սփոփանք կարող էր համարվել դրամական փոխհատուցումը: Նիկոլ Փաշինյանն այսօրվա հրապարակման մեջ իրեն ուղղված ՀԱԿ մեղադրանքները հակադարձում է ակնհայտ փաստարկներով: Բայց հարցը նույնիսկ փաստարկները չեն: Իրեն ռադիկալ ընդդիմադիր համարող քաղաքական ուժը հանդես է գալիս, առաջին հայացքից, օրակարգային, բայց իրականում, այս պահին, պարապ մի նախաձեռնությամբ` Մարտի 1 –ի նոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, միաժամանակ, դեմ գնալով նույն Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցելու առաջարկությանը: Իրականում սրանք միմյանց ոչ թե խանգարող, այլ լրացնող հարցեր են: Ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ՀԱԿ կուսակցությունը ուրեմն, նախևառաջ, ինքն իր համար ճշտելու հարցեր ունի: Ջրբաժանը ընդդիմության և ընդդիմության միջև կարող է նույն ընդդիմությանը անցանկալի իրողությունների առջև կանգնեցնել: Դառնալով Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությանը, կարելի է ասել, որ ՀԱԿ կուսակցության դիմադրությունը այդ նախագծին կանոնադրական պատճառաբանությամբ, խոսում է ոչ թե ՀԱԿ-ի օրինապաշտ լինելու, այլ, հակառակը, կուսակցական ամբիցիաները գերադասելու մասին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ